Բրիտանիայի նախարարները և արքայական ընտանիքի անդամները ներկա չեն լինի 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
Բրիտանիայի նախարարները և արքայական ընտանիքի անդամները ներկա չեն լինի 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ բարձրաստիճան հանդիպումները կչեղարկվեն, իսկ Բրիտանիայի նախարարները և արքայական ընտանիքի անդամները ներկա չեն լինի Ռուսաստանում անցկացվելիք 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի առնչությամբ։

Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ։

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: