Բրիտանական դեսպանատուն հայտարարում է, որ առկա անորոշությունների պատճառով ստիպված են չեղարկել Վրաստանում տեղական ընտրությունների հետ կապված դրամաշնորհային առաջարկները
Բրիտանական դեսպանատուն հայտարարում է, որ առկա անորոշությունների պատճառով ստիպված են չեղարկել Վրաստանում տեղական ընտրությունների հետ կապված դրամաշնորհային առաջարկները

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն հայտարարում է, որ առկա անորոշության պատճառով նրանք ստիպված են չեղարկել տեղական ընտրությունների հետ կապված դրամաշնորհային առաջարկները։

Ինչպես նշվում է դեսպանատան տարածած հայտարարությունում, «ափսոսում ենք այս կորցրած հնարավորության համար, որն ուղղված էր հոկտեմբերյան մունիցիպալ ընտրությունների օբյեկտիվ և թափանցիկ մոնիթորինգի խթանմանը»։

«Միացյալ Թագավորությունը բարեխղճորեն փորձում էր ստանալ համաձայնություն մի շարք նախագծերի հաստատման վերաբերյալ, որոնք նպատակ ունեին աջակցել քաղաքացիական հասարակությանն ընտրողների կրթության և քաղաքացիների կողմից ընտրությունների մոնիթորինգի գործում։ Պետք է նշել, որ այս գործողությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համարվել են արժեքավոր, սակայն Վրաստանի կառավարության հետ քննարկումներից հետո մեզ տեղեկացվեց, որ կառավարության որոշումը «դրամաշնորհների հաստատման ընթացակարգի մասին» դեռ ավարտված չէ։ Ըստ այդմ, առ այսօր գոյություն չունեն այդ ընթացակարգի վերաբերյալ որոշումներ ընդունելու մեխանիզմներ կամ ժամկետներ։ Ցավոք, այս անորոշության պատճառով մենք ստիպված ենք չեղարկել նախատեսված դրամաշնորհային առաջարկները, որոնք նպատակ ունեին աջակցել նախատեսված մունիցիպալ ընտրությունների թափանցիկությանն ու մրցունակությանը։

Մենք ափսոսում ենք, որ, ի տարբերություն Վրաստանում վերջին մունիցիպալ ընտրությունների, կառավարությունը դեռ չի հրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, և, ինչպես նաև, չի աջակցում քաղաքացիների կողմից ընտրությունների մոնիթորինգի համար անհրաժեշտ գործողություններին։ Միջազգային չափանիշներին համապատասխան պատրաստված մասնագիտական դիտորդների բացակայությունը կարող է դիտարկվել որպես հետընթաց, ինչը կբերի հասարակության վստահության նվազեցմանը Վրաստանում ժողովրդավարական գործընթացի թափանցիկության նկատմամբ։ Մեծ Բրիտանիան կրկին արտահայտում է պատրաստակամություն երկխոսության՝ քննարկելու, թե ինչպես կարող է աջակցել Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը և ցավում է այս կորցրած հնարավորության համար, որն ուղղված էր հոկտեմբերյան մունիցիպալ ընտրությունների օբյեկտիվ, մասնագիտական և թափանցիկ մոնիթորինգին աջակցելուն», – նշվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարությունում։