Բորիս Ջոնսոնի և Վոլոդիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

22:02, 07.07.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ իր հրաժարականի մասին հայտարարելուց հետո։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Իր ելույթում Ջոնսոնը վերահաստատել է Մեծ Բրիտանիայի անսասան աջակցությունն Ուկրաինային և նշել, որ Լոնդոնը կշարունակի կենսականորեն անհրաժեշտ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինայի նախագահին խոստացել է, որ կաշխատի Ուկրաինայից հացահատիկի արտահանման շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Զելենսկիին այն ամենի համար, ինչ նա անում է հանուն ազատության, ինչպես նաև ուկրաինացի ժողովրդի բարեկամության և բարության համար։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Բորիս Ջոնսոնին Ուկրաինայի հարցում նրա հաստատակամ գործողությունների համար և նշել, որ ուկրաինացի ժողովուրդը երախտապարտ է Մեծ Բրիտանիայի ջանքերին։

Ինչպես նշել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակում, Բորիս Ջոնսոնը Վոլոդիմիր Զելենսկիին հերոս է անվանել և նշել, որ նրան բոլորը սիրում են։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել բրիտանացի առաջնորդին՝ լայնածավալ ագրեսիայի առաջին օրվանից Ուկրաինային ցուցաբերած հաստատակամ և անզիջում աջակցության համար։

«Մենք բոլորս ցավով ընդունեցինք այս լուրը։ Ոչ միայն ես, այլև ողջ ուկրաինական հասարակությունը, որը մեծ համակրանք ունի ձեր հանդեպ։ Իմ ողջ գրասենյակը և բոլոր ուկրաինացիները երախտապարտ են ձեր օգնության համար։ Մենք կասկած չունենք, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը կպահպանվի, թեև ձեր անձնական առաջնորդությունն ու խարիզման այն առանձնահատուկ դարձրեցին»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ