«Բլումբերգ» – Եվրամիությունն աշխատում է նոր միջոցառումների վրա, որոնք կօգնեն քաղաքներին սահմանափակել կարճաժամկետ վարձակալության հարթակների գործունեությունը
Եվրոպական Միությունը նախապատրաստում է նոր միջոցառումներ, որոնք քաղաքներին կօգնեն սահմանափակել Airbnb-ի և կարճաժամկետ վարձակալության այլ հարթակների գործունեությունը։ Այս մասին գրում է «Բլումբերգ»-ը։
Նախաձեռնության նպատակն է Եվրոպայի մասշտաբով մեղմացնել բնակարանների դեֆիցիտի և հասանելիության հիմնախնդիրը։
«Բլումբերգ»-ի տեղեկացմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը ծրագրում էներկայացնել ընդհանուր մեթոդաբանություն, որի կիրառումը հնարավոր կլինի ԵՄ բոլոր անդամ երկրներում։ Դրա օգնությամբ տեղական իշխանությունները կսահմանեն այն թաղամասերը, որտեղ առկա է բնակարանների սուր դեֆիցիտ, ինչպես նաև կգնահատեն, թե որքանով է անհրաժեշտ և համաչափ բնակարանների կարճաժամկետ վարձակալության սահմանափակումը։
Ինչպես գրում է պարբերականը, սպասվում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս նախաձեռնության մասին պաշտոնապես հայտարարի սեպտեմբերին՝ Եվրոպարլամենտում իր ամենամյա ելույթից առաջ։
«Բլումբերգ»-ի տեղեկատվությամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի հատկապես աջակցել այն համայնքներին (մունիցիպալիտետներին), որոնք փորձել են սահմանափակել զբոսաշրջային վարձակալությունը, սակայն դրա պատճառով ստացել են անշարժ գույքի սեփականատերերի և կարճաժամկետ վարձակալության հարթակների բազմաթիվ հայցեր, որոնցում նրանք մատնանշում էին ԵՄ ներքին շուկայի կանոնները։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այս քայլն ուղղված է տեղական իշխանությունների համար իրավական պաշտպանություն ապահովելուն։