«Բլումբերգ» – ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջում է, որ Ուկրաինան ունենա սեփական զինված ուժեր և պաշտպանական արդյունաբերություն
Մեդիայի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջում է, որ Ուկրաինան ունենա սեփական զինված ուժեր և պաշտպանական արդյունաբերություն։
«Բլումբերգ»-ի տեղեկությամբ՝ այս պահանջը ներառվելու է ավելի լայն «խաղաղության համաձայնագրում»։
Աղբյուրի համաձայն, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը այս առաջարկը ներկայացնելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր այցի ժամանակ։
Հրապարակման համաձայն, Ուկրաինայի բանակի համալրման իրավունքը, ինչպես պահանջում են Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները, կնշանակի, որ Պուտինը ստիպված կլինի հրաժարվել Ուկրաինայի դեմ իր ներխուժման հիմնական նպատակներից մեկից՝ երկրի ապառազմականացումից։
Բացի այդ, «Բլումբերգ»-ը նշում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը վերադարձնի Զապորոժիեի ԱԷԿ-ի վերահսկողությունը Ուկրաինային։ Թրամփի պլանի համաձայն՝ այս կայանը պետք է անցնի Կիևի վերահսկողության տակ, որպեսզի էլեկտրաէներգիա մատակարարի ինչպես Ուկրաինայի կողմից վերահսկվող, այնպես էլ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներին։
ԱՄՆ-ն ցանկանում է նաև ապահովել Դնեպր գետի անցանելիությունը Ուկրաինայի համար և վերադարձնել վերահսկողությունը Խարկովի մարզի օկուպացված տարածքների վրա։
Թրամփի վարչակազմը «Բլումբերգ»-ի այս հրապարակմանը դեռևս չի արձագանքել։