«Bloomberg» - Թուրքիան կարող է բացել իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ առաջիկա վեց ամիսների ընթացքում
«Bloomberg» - Թուրքիան կարող է բացել իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ առաջիկա վեց ամիսների ընթացքում

Թուրքիան կարող է բացել իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ առաջիկա վեց ամիսների ընթացքում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Ինչպես գրում է գործակալությունը, Թուրքիայի կառավարությունը քննարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը, ինչը, ըստ Bloomberg-ի, կնպաստի Կովկասում առևտրի վերականգնմանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան փակել է իր սահմանը Հայաստանի հետ 1993 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։

Bloomberg-ի հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում դիվանագիտական ​​առաջընթացը և Թուրքիայի հետ սահմանի բացումը զգալի խթան կհաղորդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսին Հայաստանում նախատեսված ընտրություններից առաջ։

«Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կկարողանա աշխատել Փաշինյանի հետ և ստորագրել պաշտոնական խաղաղության համաձայնագիր, ասել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ծանոթ անձինք։ Միայն այդ դեպքում Թուրքիան կկարողանա դեսպան նշանակել Հայաստանում՝ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու համար», – գրում է Bloomberg-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, տարածաշրջանը էներգետիկ խողովակաշարերի տրանսպորտային հանգույց է, որոնց միջոցով Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններից նավթն ու բնական գազը մատակարարվում են Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը։