Bloomberg – Հունգարիան Վաշինգտոնից խնդրում է բացառություն կիրառել ռուսական նավթի գնումների հետ կապված պատժամիջոցների հարցում

22:11, 21.09.2026

Bloomberg-ի հաղորդմամբ՝ Հունգարիան Վաշինգտոնից խնդրում է բացառություն կիրառել ռուսական նավթի գնումների հետ կապված պատժամիջոցների հարցում։

Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ամերիկացի օրենսդիրներին խնդրել է անցումային շրջանում Հունգարիան ազատել ռուսական էներգակիրների գնման հետ կապված ամերիկյան պատժամիջոցներից։

Ըստ Bloomberg-ի՝ վարչապետ Պետեր Մադյարի կառավարությունը ծրագրում է նվազեցնել երկրի կախվածությունը ռուսական էներգակիրներից և դիվերսիֆիկացնել նավթի ներկրումը։ Այնուամենայնիվ, ներկա փուլում Հունգարիայի էներգետիկ համակարգը շարունակում է մեծապես կախված մնալ Ռուսաստանից։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ գործող պատժամիջոցներից ստացված բացառության ժամկետը լրանում է նոյեմբերի 21-ին։ Սակայն բացառության ժամկետի ավարտը ավտոմատ կերպով չի նշանակում, որ Հունգարիայի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցային միջոցառումներ. դրա համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի առանձին որոշումը։

Միաժամանակ, Հունգարիան շարունակում է այլընտրանքային ուղիներ փնտրել Ռուսաստանից նավթի ներկրումը նվազեցնելու համար՝ որպես տարբերակներից մեկը դիտարկելով Խորվաթիայի տարածքով նավթի մատակարարումը։ Հարցը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը նախագահ Դոնալդ Թրամփին լիազորեց լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթամթերք։ Թրամփը ստորագրեց օրինագիծը սեպտեմբերի 18-ին, ինչից հետո այն օրենքի ուժ ստացավ։

Նմանատիպ