Բելգրադում բախումներից հետո ոստիկանությունը ձերբակալել է 37 ցուցարարի
Բելգրադում բախումներից հետո ոստիկանությունը ձերբակալել է 37 ցուցարարի

Սերբիայի ոստիկանությունը Բելգրադում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բախումներից հետո ձերբակալել է 37 ցուցարարի, հաղորդում է Reuters-ը: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ բախումը տեղի է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և հակառակորդների միջև։

Այն բանից հետո, երբ ցուցարարները միմյանց վրա առարկաներ են նետել, ոստիկանությունը միջամտել է, բաժանել նախագահի կողմնակիցներին և հակառակորդներին և ձերբակալել 37 մարդու՝ հասարակական կարգը խախտելու մեղադրանքով։

Ըստ հաղորդագրությունների՝ հակակառավարական ցուցարարներին զայրացրել է Սերբիայի նախագահի կողմնակիցների կողմից բարձրախոսներով հնչող բարձր երաժշտությունը։

Բելգրադում ցուցարարները հավաքվել են խորհրդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Դիանա Հրկայի, որի որդին երկաթուղային կայարանի առաստաղի փլուզման հետևանքով զոհված 16 մարդկանցից մեկն է։

Բելգրադից բացի, հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվել նաև Նովի Սադում և մի շարք այլ քաղաքներում, որտեղ մասնակիցները պահանջել են վաղաժամկետ ընտրություններ։

Ձեր տեղեկության համար՝ շաբաթ օրը լայնածավալ բողոքի ցույց է անցկացվել Սերբիայի Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած վթարի առաջին տարելիցի կապակցությամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում փլուզվել է նոր վերանորոգված բետոնե առաստաղը, որի հետևանքով զոհվել են քաղաքացիներ։ Միջադեպից հետո Սերբիայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր։ Քաղաքացիները ողբերգության համար մեղադրեցին երկրում տիրող կոռուպցիան և հովանավորչությունը և պահանջեցին երկրի կառավարության հրաժարականը: Արդյունքում, հրաժարական տվեց երկրի շինարարության նախարար Գորան Վեսիչը: Նա և ևս 12 մարդ ավելի ուշ ձերբակալվեցին, բայց մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Վարչապետ Միլոշ Վուչևիչը նույնպես հրաժարական տվեց, բայց դա չդադարեցրեց բողոքի ցույցերը, որոնք պարբերաբար շարունակվում են: