Բելառուսում սկսվել են միջուկային զենքի և միջուկային աջակցության ստորաբաժանումների մարտական կիրառման վարժանքներ
Բելառուսում սկսվել են միջուկային զենքի և միջուկային աջակցության ստորաբաժանումների մարտական կիրառման վարժանքներ։
Բելառուսի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ վարժանքների նպատակն է «ստուգել սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի պատրաստվածությունը առաջադրանքների կատարման համար և կազմակերպել մարտական կիրառումը չպլանավորված տարածքներից»։
Հիմնական շեշտը դրվելու է այնպիսի հարցերի մշակման վրա, ինչպիսիք են գաղտնի գործողությունները, մեծ հեռավորությունների վրա տեղաշարժը և ուժերի ու միջոցների կիրառման համար անհրաժեշտ աշխատանքների կատարումը։ Վարժանքներն անցկացվում են ռուսական կողմի հետ համատեղ, որի հետ «նախատեսվում է մշակել միջուկային զինամթերքի մատակարարման և դրանց կիրառման նախապատրաստման հարցերը»։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը նշել է, որ վարժանքները պլանային բնույթ են կրում, «ուղղված չեն երրորդ երկրների դեմ և չեն սպառնում տարածաշրջանային անվտանգությանը»։
Տեղեկատվության համար՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին 2023 թվականի մարտի վերջին։ Այդ ժամանակ նա նշել էր, որ Բելառուսն արդեն ունի «Իսկանդեր» հրթիռային համակարգ և ATi ինքնաթիռ, որը կարող է կրել մարտավարական միջուկային զենք։