Բեքա Օդիշարիա. Մենք՝ որպես մայրաքաղաքի բնակչության մեծամասնության կողմից ընտրված պատգամավորներ, պետք է մտածենք, թե ինչպես անմահացնել Իլյա II-ի անունը
Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նիստում կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Բեքա Օդիշարիան խոսել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սրբագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի վաստակի մասին:
Օդիշարիան շնորհակալություն է հայտնել Վրաստանի բնակչությանը, որն այս մեծ փորձության պահին միասնական է եղել:
«Շնորհակալություն եմ հայտնում մեր բազմամիլիոնանոց հասարակությանը՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որն այսպես բռունցք դարձած միավորվեց: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր հնագույն ազգը չի մեռնի և չի կոտրվի՝ ի հեճուկս ժամանակակից ներքին ու արտաքին մատնիչների: Ճիշտ է, այս մեծ իրադարձությունը, սուգը կամ այդ սգի մեջ ինքնահաստատվելը ոչ ոքի չի պատկանում, ոչ մի կուսակցության սեփականությունը չէ, հատկապես ձեր՝ «Լելո»-ի ներկայացուցիչների, ովքեր նման օրերին անգամ չեն խորշում իշխանությանը հավակնություններ ներկայացնելուց: Պատրիարքի մահը հասարակության յուրաքանչյուր անդամի ողբերգությունն է: Մեզնից յուրաքանչյուրն ուներ իր Պատրիարքը: Ես նույնպես ունեի իմ Պատրիարքը: Աստծո կամոք ինձ հնարավորություն տրվեց նրան մոտիկից ճանաչել: Մեր Պատրիարքը կամուրջ գցեց երկնային և երկրային հավերժության միջև», – հայտարարել է Բեքա Օդիշարիան:
Սակրեբուլոյի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահը խորհրդի անդամներին առաջարկել է համատեղ պլանավորել և մտածել այն ձևաչափի մասին, թե ինչպիսի հուշանշանով հավերժացնեն Պատրիարքի անունը մայրաքաղաքում:
«Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը համայն Վրաստանի հայրն էր, նա կրում էր նաև Ցխում-Աֆխազեթիի մետրոպոլիտի տիտղոսը, բայց նա նաև Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոսն էր: Մենք՝ որպես Թբիլիսիի բնակչության մեծամասնության կողմից ընտրված պատգամավորներ, գուցե պետք է մտածենք այն մասին, թե ինչպես հավերժացնենք նրա անունը», – նշել է Բեքա Օդիշարիան: