BBC. Կալիֆոռնիան արգելել է անչափահասների ամուսնությունը. այս պրակտիկան ԱՄՆ 32 նահանգներում դեռևս օրինական է

12:54, 01.10.2026

«Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայում մանկական ամուսնությունն պաշտոնապես արգելվել է։

Նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է այս պրակտիկան արգելող օրենքը։

Մանկական ամուսնությունն ԱՄՆ 32 նահանգներում մինչ օրս շարունակում է օրինական մնալ։

Կալիֆոռնիայում ընդունված նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ին և Կալիֆոռնիայում ամուսնության թույլատրելի նվազագույն տարիքը կսահմանի 18 տարեկանը։

Գևին Նյուսոմն օրենքը ստորագրել է Քորթնի Սթոդենի հետ միասին։ Սթոդենի ծնողները նրան 16 տարեկանում թույլատրել էին ամուսնանալ Հոլիվուդի 50-ամյա դերասանի հետ։ Քորթնի Սթոդենը տարիներ շարունակ ներգրավված է եղել մանկական ամուսնությունների արգելման արշավում։ Նյուսոմը հայտարարել է, որ նոր օրենքը «վաղուց պետք է ընդունվեր», և այն ծառայում է երիտասարդ կալիֆոռնիացիների ու անչափահասների պաշտպանությանը։

«Բի-Բի-Սի»-ի տվյալներով՝ մոտ տասը տարի առաջ մանկական ամուսնությունը թույլատրված էր ԱՄՆ բոլոր նահանգներում։ Կալիֆոռնիան 18-րդ նահանգն է, որտեղ 2018 թվականից հետո արգելել են մանկական ամուսնությունը։ Մինչ այդ Կալիֆոռնիայում ամուսնության համար օրենքով սահմանված նվազագույն տարիք գոյություն չուներ։ Անչափահասները կարող էին ամուսնանալ ծնողների համաձայնության և դատավորի թույլտվության դեպքում։ Ընդ որում, մինչև 18 տարեկան անձանց համար ամուսնալուծության իրավական մեխանիզմ գոյություն չուներ։ Իրավապաշտպաններն ու մանկահասակ տարիքում ամուսնացած կանայք հայտարարում էին, որ դրա պատճառով իրենք չէին կարողանում ազատվել բռնի և շահագործող հարաբերություններից։

Նմանատիպ