«BBC»-ի փոխանցմամբ, Իսրայելը զանգվածային ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնում, ինչի հետևանքով կան զոհեր

12:23, 23.11.2024

«BBC»-ի փոխանցմամբ, Իսրայելը զանգվածային ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնում, որի հետևանքով կան զոհեր։

Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ հինգ հրթիռ հարվածել է Բեյրութի Բաստա թաղամասում գտնվող ութ հարկանի բնակելի շենքին։

«Հեզբոլլահի» վերահսկողության տակ գտնվող «Ալ-Մանար» լրատվամիջոցը, հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկատվությանը, հայտնում է չորս զոհի և 23 վիրավորի մասին։ Սոցցանցերում տարածվել են ավերված շենքը ցուցադրող տեսանյութեր։

Իսրայելական բանակը դեռևս չի մեկնաբանել հարձակումը։

Լայնածավալ հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 04:00-ին և պայթյունների ձայները լսվել են ամբողջ քաղաքում։ Արտակարգ ծառայությունները փրկարարական աշխատանքներ էին իրականացնում խիտ բնակեցված Բաստա թաղամասում։

Տեղեկության համար նշենք, որ վերջին ամիսներին իսրայելական ավիահարվածների արդյունքում Բեյրութում սպանվել են «Հեզբոլլահի» մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան։ Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերին լայնածավալ գործողություն է սկսել «Հեզբոլլահի» դեմ, որը ներառում է ինչպես օդային, այնպես էլ ցամաքային գործողություն հարավային Լիբանանում: Ըստ Իսրայելի, գործողությունն ուղղված է մոտ 60 000 խաղաղ բնակիչների հայրենադարձմանը, որոնք ստիպված են եղել լքել հյուսիսային Իսրայելի բնակավայրերը «Հեզբոլլահի» հարձակումների պատճառով:

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ հակամարտությունը երկրում ավելի քան 3500 մարդու կյանք է խլել, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ տեղահանվել է:

Նմանատիպ