BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը
BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, ձերբակալվել է։ Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թագավոր Չարլզի եղբայրը ձերբակալվել է պետական պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

«Հետաքննության շրջանակներում ձերբակալել ենք մի տղամարդու Նորֆոլկից՝ պետական պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման համար։ Խուզարկություններ են ընթանում Բերքշիրի և Նորֆոլկի հասցեներում։ Տղամարդն այս պահին մնում է կալանքի տակ։ Ազգային հանձնարարականների համաձայն՝ ձերբակալված տղամարդու ինքնությունը չենք հայտնում։ Խնդրում ենք նաև հիշել, որ այս գործը ներկայումս ակտիվ փուլում է, ուստի պետք է զգույշ լինել ցանկացած հրապարակման հարցում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքից խուսափելու համար», – ասված է Թեմզա հովտի ոստիկանության հայտարարության մեջ։

Ոստիկանությունը չի նշում ձերբակալվածի անունը, սակայն լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ձերբակալված անձը Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորն է։

«Մենք հասկանում ենք այս գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և համապատասխան ժամանակին կտրամադրենք թարմացված տեղեկատվություն», – հայտնում են ոստիկանությունում։

Հիշեցնենք, որ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը տարիներ շարունակ քննադատության թիրախում էր Ջեֆրի Էփշտեյնի հետ ընկերության պատճառով։ Էփշտեյնի հետ հարաբերությունները նրա համար արժեցան թագավորական ընտանիքում իր դերի, տիտղոսի, ինչպես նաև տան կորուստ, թեև Էնդրյուն միշտ հերքել է որևէ տեսակի հանցանքի կատարումը։ Ինչ վերաբերում է Էփշտեյնի գործի հետ կապված վերջին հրապարակված ֆայլերին, նա այդ առնչությամբ մեկնաբանություն չի արել։

Փետրվարի 9-ին տեղեկություն էր տարածվել նաև այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, 2010 թվականին Բրիտանիայի պաշտոնական առևտրային փաստաթղթեր է կիսել Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Ինչպես գրում է արտասահմանյան մամուլը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հրապարակած ֆայլերի վերջին խմբաքանակը ներառում է էլեկտրոնային նամակներ, որոնք ցույց են տալիս, որ Էնդրյուն Էփշտեյնին է ուղարկել հաշվետվություններ Վիետնամի, Սինգապուրի և այլ վայրերի վերաբերյալ։ Խոսքը այն տեղեկատվության մասին է, որը նախկին արքայազնին տրամադրվել էր արտասահմանյան պաշտոնական այցերի ժամանակ։ Գաղտնիության կանոնների համաձայն՝ նման դեպքերում երրորդ անձանց հետ գաղտնի կամ առևտրային փաստաթղթերի կիսումն արգելված է։