Բաթումիում ոստիկանությունը ձերբակալել է սպանության և կանխամտածված սպանության փորձի համար հետախուզվողի
Ներքին գործերի նախարարության, Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, ձերբակալել են Բաթումիում տեղի ունեցած կանխամտածված սպանության և կանխամտածված սպանության փորձի մեջ մեղադրվող 1974 թվականին ծնված Ռ.Գ.-ին: Տեղեկությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը հոկտեմբերի 8-ի գիշերը Բաթումիում, հարևանությամբ ապրող եղբայրներին՝ 1972 թ. ծնված Տ.Կ.-ին և 1964 թ. ծնված Ա.Կ.-ին հրազենով վնասվածքներ է հասցրել իրենց իսկ բնակարանում ևդիմել է փախուստի:
«Ստացված վնասվածքների հետևանքով Տ.Կ.-ն մահացել է տեղում, իսկ վիրավոր Ա.Կ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ին Ռ.Գ.-ին հեռակա մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն) և 19-109-րդ հոդվածի 2-րդ մասի Բ ենթակետով (անօգնական անձի կանխամտածված սպանության փորձ) և նրա վրա հայտարարվել է հետախուզում:
Մեղադրյալը բերման է ենթարկվել Թբիլիսիում ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ոստիկանները զենքն առգրավել են ՝ որպես ապացույց:
Ձերբակալված Ռ.Գ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ», – ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ: