Բարսելոնայում գործադուլ անող ուսուցիչները փակել են Սագրադա Ֆամիլիայի մուտքը
Բարսելոնայում գործադուլ անող ուսուցիչները փակել են Սագրադա Ֆամիլիայի մուտքը

Բարսելոնայում գործադուլ անող ուսուցիչները փակել են Սագրադա Ֆամիլիայի մուտքը։ Իսպանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Կատալոնիայում ուսուցիչները գործադուլ են հայտարարել տարածաշրջանային բյուջեի և կրթության հարցերի շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։

Գործադուլ անողները փակել են Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիայի մուտքը։

Ուսուցիչները «մարդկային շղթա» են կազմել՝ մոտակա դպրոցից սեղաններ և աթոռներ բերելով դեպի տաճար՝ փողոցում ժամանակավոր դասասենյակ ստեղծելու համար։

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ Բարսելոնան «պետք է ավելի քիչ ներդրումներ կատարի զբոսաշրջության մեջ և ավելի շատ՝ հիմնարար իրավունքների, ինչպիսին է կրթության իրավունքը, պաշտպանության մեջ»։

Վերջին շաբաթներին իսպանացի ուսուցիչները գործադուլ են հայտարարել ոչ միայն Կատալոնիայում։ Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Վալենսիայում և Մադրիդում։ Ուսուցիչները դժգոհություն են հայտնել մեկ ուսուցչի հաշվով աշակերտների չափազանց մեծ թվից, կրթական հաստատություններում անբավարար պայմաններից և հատուկ կարիքներ ունեցող աշակերտների համար օգնականների պակասից։