Բալթյան երկրների ղեկավարները Լեհաստանի նախագահի հետ քննարկում են Վրաստան այցը
Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան, Էդգարս Ռինկևիչը և Ալար Կարիսը քննարկել են դեկտեմբերին Վրաստան համատեղ այցի հնարավորությունը։ Այդ մասին տեղեկությունը տարածում են լիտվական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ առաջնորդները Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ քննարկում են Վրաստան այցը, թեև դեռ կոնկրետ որոշում չեն կայացրել։
«Այո, մենք քննարկել ենք դեկտեմբերին Վրաստան այցելելու հնարավորությունը, այդ հնարավորությունը բաց է, և մենք դա կքննարկենք Լեհաստանի նախագահի հետ»,- ասել է Գիտանաս Նաուսեդան։
Ըստ Նաուսեդայի, Բալթյան երկրների ղեկավարները քննարկել են Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները և Վրաստանի փոխված եվրոպական ուղղությունը։
«Նախ պետք է ընդգծեմ, որ 2008 թվականից հետո, երբ Ռուսաստանի Դաշնությունը սկսեց ներխուժել երկիր և գրավեց նրա տարածքը, Վրաստանում իրավիճակը բոլորովին այլ է։ Վրաց հասարակությունը համախմբված կանգնեց օկուպանտի և ագրեսորի դեմ։ Այս անգամ վրացիներին տեսնում ենք երկու մասի բաժանված: Մենք դատապարտում ենք վրացի որոշ առաջնորդների վերջին հռետորաբանությունը եվրաինտեգրման հարցի վերաբերյալ։ Սա Վրաստանի Սահմանադրության մեջ արձանագրված է որպես պետական ռազմավարության պոտենցիալ տարր է։ Ըստ այդմ, դա հակասում է սահմանադրությանը և վրաց ժողովրդի կամքին»,- ասել է Նաուսեդան։
Միաժամանակ, Բալթյան երկրների ղեկավարները նշել են, որ դատապարտում են վրացի ցուցարարների նկատմամբ ճնշումները, որոնք համաձայն չեն կառավարության որոշումների հետ։
«Մենք դատապարտում ենք ցուցարարների նկատմամբ ուժի չափից դուրս կիրառումը։ Սա է պատճառը, որ մերձբալթյան երկրները պատժամիջոցներ են կիրառել որոշ առաջնորդների նկատմամբ, ովքեր պատասխանատու են այդ գործողությունների համար»,- ասել է Նաուսեդան։
Լիտվայի նախագահը նշել է, որ չափազանց կարևոր է ոչ միայն Բալթյան տարածաշրջանի, այլև Եվրոպայի ղեկավարների համար միասնական դիրքորոշում պահպանել Վրաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
«Ես աջակցում եմ որոշակի պատժամիջոցների քննարկմանը, որոնք կարող են կիրառվել Վրաստանի նկատմամբ եվրոպական մակարդակով, թեեւ արժանահավատության խնդիր է դրված։ Եթե Եվրամիությունը հայտարարի նմանատիպ պատժամիջոցների մասին, բայց հետո չկարողանա դրանք իրականացնել, իհարկե, դա նշանակում է վստահության կորուստ, սրանից պետք է խուսափել»,- ասել է Նաուսեդան։