Բաքվում 37 մարդ է ձերբակալվել դպրոցական համազգեստ կրելու դեմ բողոքի ակցիայի համար
Բաքվում 37 մարդ ձերբակալվել է հասարակական կարգի կոպիտ խախտման մեղադրանքով՝ կապված դպրոցական համազգեստի ներդրման հետ։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությանը, մի խումբ անձինք խոչընդոտում էին Նախարարների կաբինետի կողմից հաստատված կանոնների կիրառմանը, որոնք նախատեսում են դպրոցական համազգեստի պարտադիր կրում պետական հանրակրթական հաստատություններում։
Ըստ գործակալության՝ վերոնշյալ անձինք կոնֆլիկտային իրավիճակ էին ստեղծում կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, վնաս էին պատճառում պետական կրթական հաստատություններին, ինչպես նաև փորձում էին իրականացնել գործողություններ, որոնք կխոչընդոտեին երթևեկությանը և դպրոցների բնականոն գործունեությանը։
Հարուցվել է գործ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է հասարակական կարգի խախտում առաջացնող գործողություններ կազմակերպել կամ նման գործողություններին ակտիվ մասնակցություն ունենալ։ Ըստ գործակալության՝ ձերբակալվել է 37 մարդ։
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ ձեռնարկված միջոցառումներն ուղղված են օրենսդրության պահանջների պահպանմանը, հասարակական կարգի, երթևեկության և ուսումնական հաստատությունների աշխատանքի խախտումների կանխարգելմանը, ինչպես նաև աշակերտների, ուսուցիչների և այլ քաղաքացիների պաշտպանությանը։
«Մենք նշում ենք, որ քաղաքացիները պարտավոր են պահպանել օրենսդրության պահանջները, չխախտել հասարակական կարգը, չխախտել այլ անձանց իրավունքներն ու շահերը, ինչպես նաև կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։ Շարունակվում են միջոցառումները հասարակական կարգի և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև ուսումնական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ։ Օրենքի խախտման բոլոր փաստերին ապագայում կշարունակվի խստորեն արձագանքվել, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։