Վրաստանի նախագահի նստավայրում բարձրացրել են վրացական դրոշի «Էտալոնը»

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ, Վրաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ, այսօր Վրաստանի մի քանի շրջաններում տեղի է ունեցել պետական դրոշի բարձրացման արարողակարգ, որին անձամբ մասնակցել է նախագահը:

Դրոշի բարձրացման արարողությունը սկսվել է նախագահի նստավայրից, որտեղ Գիորգի Մարգվելաշվիլին պետական դրոշը բարձրացրել է Վրաստանի ազգային հերոսներ Գիորգի Անծուխելիձեի և Զազա Դամենիայի զավակների հետ միասին: Դրոշի բարձրացմանը զուգահեռ «Շվիդկացա» համույթը կատարել է Վրաստանի պետական օրհներգը:

Դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունենալու  նաև Կախեթիում՝ ՈՒջարմայի ամրոցում, որտեղ այն բարձրացնելու  են փրկարարները, իսկ պետական օրհներգը կատարելու  է Վանո Մճեդլիշվիլիի անվան համույթը: Արարողությանը ներկա է գտնվելու երկրի նախագահը, վարչակազմի ղեկավարի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, խորհրդարանական քարտուղարի և միջազգային հարցերով քարտուղարի հետ միասին:

Նախագահի մասնակցությամբ պետական դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունենալու նաև Մցխեթայում, որտեղ օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեն պետական դրոշը բարձրացնելու է «Բեբրիս» ամրոցում:

Գորիում, ազգային պաշտպանության ակադեմիայում, յունկերները պետական դրոշը բարձրացնելու են Վրաստանի զինված ուժերի նվագախմբի կողմից կատարած պետական օրհներգի ուղեկցությամբ:

Քութաիսիում, արևմտյան Վրաստանի բժշկական կենտրոնի բակում  պետական դրոշը բարձրացնելու են բժիշկները:

Իսկ Սենակիում պետական դրոշը Աբխազիայի թիվ 7 դպրոցի բակում կբարձրացնեն մանկավարժները, որը կրում է օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհված Թեմուր Բոկուչավայի անունը:

Պետական դրոշի օրը առաջին անգամ նշվել է 2012 թվականի հունվարի 14-ին: