Այսօր, նոյեմբերի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ
Այսօր, նոյեմբերի 3-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են: Բնակչությունն ընտրում է երկրի թվով 46-րդ նախագահին:
Ովքեր են թեկնածուները
Ամերիկյան քաղաքական համակարգում երկու կուսակցություն կա՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններ: 2020 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն է, գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն է Օբամայի վարչակազմի նախկին փոխնախագահ, 78-ամյա Ջո Բայդենը: Եթե ընտրություններում հաղթի Բայդենը, ապա նա կլինի ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց նախագահը:
Ինչպիսի՞ն է ընտրական համակարգը
ԱՄՆ ընտրական համակարգը բարդ է և եզակի, որը նմանօրինակ չունի ամբողջ աշխարհում: Ամերիկայի Միացյալ նահանգների բնակչությունը նախագահին ուղղակիորեն չի ընտրում, նրանք իրականում ընտրում են ընտրողների կոլեգիային, որն այնուհետև ընտրում է նախագահին:
Ընտրողների կոլեգիան բաղկացած է 538 անդամից: Ընտրություններում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, որը շահում է խորհրդի առնվազն 270 անդամի աջակցությունը:
Ընտրական կոլեգիան կազմված է նահանգների ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր նահանգ կոլեգիայում ունի նույնքան ներկայացուցիչ, որքան ունի Կոնգրեսում: Անդամների թիվը տարբեր նահանգներում տարբեր է, կախված նահանգի չափից և ընտրողների թվից:
Ե՞րբ կիմանանք արդյունքները
Ընտրությունների արդյունքների իմանալուն հնարավոր է անհրաժեշտ լինեն օրեր կամ մի քանի շաբաթ, քանի որ այս տարի համավարակի պատճառով, ընտրողները կարող են քվեարկել նաև փոստով, որը հավանաբար կհետաձգի ձայների հաշվարկը:
Օրինակ, 2016 թվականի նախագահական ընտրությունների օրը, Դոնալդ Թրամփը իր հաղթական ճառը արտասանեց 03:00-ին, չնայած այս տարի ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո շատ ավելի դժվար կլինի պարզել հավանական հաղթողին:
Երբ է նոր նախագահը ստանձնելու պաշտոնը
Ընտրություններում հաղթողի հայտարարությունից հետո ընտրված թեկնածուն երդվելու է հունվարի 20-ին: Այս օրը Միացյալ Նահանգներում տեղի է ունենում նախագահի երդմնակալության արարողությունը, որը սովորաբար անցկացվում է Կապիտոլիումի աստիճաններին:
Երդմնակալությունից հետո նախագահը ստանձնում է իր լիազորությունները: Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով:
Պատրաստել է «Բի Բի Սիի» կողմից: