Այսօր Բրյուսելում կկայանա Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովը։ Քննարկման գլխավոր առարկան Միջերկրական ծովն անցնելով, ապօրինի Եվրոպա հասած միգրանտների խնդիրն է։ Կազմակերպության անդամները պետք է համաձայնության գան սահմաններին վերահսկումը խստացնելու և հյուսիսային Աֆրիկայի պետությունների ֆինանսային օգնությունը բարձրացնելու շուրջ։
Գլխավոր վիճարկելի հարցը ապաստարան հայցողների հանդեպ միասնական մոտեցում ստեղծելն է։ Եվրամիության անդամների մեծամասնությունը բոլորովին այլ մոտեցում ունի։ Որոշ եվրոպական երկիր Եվրամիության մեջ ներքին սահմաններին վերահսկում սահմանելուն կողմ է, որը Շենգենյան գոտու գոյությանը վտանգ կսպառնա։
Եվրոպական լիդերները նաև կքննարկեն ԵՄ սահմանակից երկրներում միգրանտների ժամանակավոր կացարանների բացման մասին։ Ըստ պլանի այս կենտրոններում պետք է կատարվի միգրանտների դիմաճանաչում և նրանց կողմից լրացված հայտարարությունների քննարկում։ Առայժմ ոչ մի պետություն չի համաձայնում բացել այսպիսի կենտրոններ:
Անօրինական միգրանտներից բացի, ԵՄ ղեկավարները երկօրյա գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն ԱՄՆ-ի կողմից ալյումինի և չժանգոտվող պողպատի ներմուծման սակագների եւ ԵՄ փոխադարձ քայլերի մասին: Քննարկումների մեկ այլ կարեւոր հարց կլինի հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների երկարաձգումը:
Եվրոպական քաղաքական գործիչները կքննարկեն կազմակերպության հաջորդ յոթամյա բյուջեն և կլսեն Մեծ Բրիտանիայի վարչապետի պլանը, որը վերաբերվում է Միացյալ Թագավորությունից դուրս գալու օրակարգին: Բրյուսելում մտահոգված են, որ բրեքսիթի համար նախապատրաստումը դանդաղ տեմպերով է ընթանում: Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովը Բրյուսելում կշարունակվի հունիսի 28-29-ը: