Axios. Բենիամին Նեթանյահուն շոկի մեջ էր Դոնալդ Թրամփի հայտարարությունից, ով հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին և Սպիտակ տնից պարզաբանում էր խնդրել
Axios. Բենիամին Նեթանյահուն շոկի մեջ էր Դոնալդ Թրամփի հայտարարությունից, ով հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին և Սպիտակ տնից պարզաբանում էր խնդրել

Իսրայելը Սպիտակ տնից պարզաբանում է խնդրել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության վերաբերյալ, որով վերջինս հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին. այս մասին «Axios»-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ինչպես պարբերականին հայտնել է աղբյուրը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հայտարարությունից «շոկի մեջ էր, ապշած և մտահոգված»։

Ինչպես գրում է «Axios»-ը, Նեթանյահուն և նրա թիմը Թրամփի հայտարարության մասին իմացել են լրատվամիջոցներից և շոկի են ենթարկվել, քանի որ այն հակասում էր հրադադարի համաձայնագրի տեքստին, որը հրապարակել էր Պետքարտուղարությունը։

Ի գիտություն՝ ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին։ Թրամփի խոսքով՝ ինքը հիանալի զրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռազին Քեյնի հետ միասին, աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար։ Ինձ համար պատիվ էր աշխարհում ինը պատերազմների կարգավորումը, և սա կլինի տասներորդը, ուստի եկեք անենք դա»,- գրել է Թրամփը։

Բացի այդ, Դոնալդ Թրամփը նշել է, որ Լիբանանի և Իսրայելի առաջնորդներին հրավիրում է Սպիտակ տուն՝ բանակցությունների։ Ինչպես սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ նշել է Թրամփը, սա կլինի երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումը 1983 թվականից ի վեր։