Axios. ԱՄՆ պաշտոնյան խորհուրդ է տալիս Դավոսի ֆորումի մասնակիցներին պատրաստ լինել վիրավորանքների, երբ ԱՄՆ նախագահը բարձրանա ամբիոն
«Դոնալդ Թրամփը Դավոս է մեկնում առավել ագրեսիվ և հավակնոտ, քան երբևէ» վերնագրով հոդված է հրապարակել «Աքսիոս» պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հանդես գալով Համաշխարհային տնտեսական ֆորումում, ամենայն հավանականությամբ քննադատելու է համաշխարհային առաջնորդներին։
«Աքսիոս»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտոնյան ֆորումի տարեկան հանդիպման մասնակիցներին նախազգուշացրել է պատրաստ լինել վիրավորանքների, երբ ԱՄՆ նախագահը կանգնի ամբիոնի մոտ։
«Ինչպես նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարեց՝ «Դուք մեծ հարկեր եք վճարում, շատ անշարժ գույք եք զբաղեցնում, բայց իրականում ոչինչ չեք անում», ամենայն հավանականությամբ, նույնը կասի նաև Դավոսի ֆորումի որոշ մասնակիցների հասցեին», – ասել է աղբյուրը «Աքսիոս»-ին։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահը վստահ է, որ «բոլոր հակամարտությունները լուծել է առանց ՄԱԿ-ի օգնության»։
Ինչ վերաբերում է «Խաղաղության խորհրդին»՝ պաշտոնյան կարծում է, որ Թրամփը այն կներկայացնի որպես ՄԱԿ-ի հակակշիռ։
«Կարծում եմ՝ նա եզրակացություն կանի, որ սա ՄԱԿ-ին հակակշիռ կառույց է, սակայն երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կասի Դոնալդ Թրամփը, մինչև չսկսի իր ելույթը», – նշել է ԱՄՆ պաշտոնյան։
Ըստ տարածված տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում հունվարի 21-ին։