Axios. ԱՄՆ նախագահի վարչակազմը մշակում է Իրանի Խարգ կղզու օկուպացիայի կամ շրջափակման ծրագիր
ԱՄՆ նախագահի վարչակազմը մշակել է իրանական Խարգ կղզու օկուպացիայի կամ շրջափակման ծրագիր, գրում է ամերիկյան հրատարակությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Axios-ը հաղորդում է, որ Խարգ կղզու հնարավոր գրավումը դիտարկվում է որպես Իրանին Հորմուզի նեղուցը բացելուն ստիպելու մեթոդ։
Ծրագրի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Axios-ի տվյալներով՝ այս գործողությունը սկսելուց առաջ ԱՄՆ զինված ուժերը պետք է թուլացնեն Իրանի ռազմական ներուժը Հորմուզի նեղուցի տարածքում։
«Մեզ մոտ մեկ ամիս կպահանջվի հարվածներով իրանցիներին էլ ավելի թուլացնելու, կղզին գրավելու, ապա դա բանակցություններում որպես լծակ օգտագործելու համար», – Axios-ի հետ զրույցում ասել է աղբյուրներից մեկը։
Axios-ի տվյալներով՝ այս գործողությունը կպահանջի տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների թվի ավելացում։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Պենտագոնն արդեն արագացրել է մի քանի հազար ծովային հետևակի և նավաստիների տեղափոխումը Մերձավոր Արևելք, որը տեղի է ունենում Իրանի հետ պատերազմի նոր փուլի նախապատրաստման շրջանակներում։