Ախալցիխեում, ռեստորան «Իմերեթիում» պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ
Ախալցիխեում, ռեստորան «Իմերեթիում» պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ

Ախալցիխեում, Ռուսթավելիի փողոցում գտնվող ռեստորան «Իմերեթիում» պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ: Տուժածներին շտապ օգնության բրիգադները տեղափոխել են Ախալցիխեի Ռեֆերալ հիվանդանոց:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնեցին արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից, հինգ հարկանի շենքի առաջին հարկում գտնվող անգործուն ռեստորանի նկուղում, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել գազի արտահոսք, որն առաջացրել է պայթյուն: Տուժածներին դուրս են բերել փրկարարները, և նրանք կոնտակտային վիճակում տեղափոխել են կլինիկա:

Գերատեսչության տվյալներով, շենքից բոլորը տարհանվել են: Ընդհանուր առմամբ շենքից դուրս է բերվել 12 ընտանիք:

Ինչ վերաբերում է տուժածների վիճակին, Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի ղեկավար, Ռեվազ Կուճուխիձեն ասել է, որ միջին տարիքի կինն ու միջին տարիքի տղամարդը շոկի մեջ են, ինչպես նաև նրանց մոտ նկատվում է պոլիտրավմա և ունեն բազմաթիվ այրվածքներ: Նրանց վիճակը միջին ծանրության է, կատարվում են վերակենդանացման միջոցառումներ:

Ականատեսների խոսքով, ամուսինները իջել են նկուղ, իսկ լույսը վառելուց հետո հավանաբար պայթել է շենքում կուտակված բնական գազը: Պայթյունի արդյունքում վնասվել է հինգ հարկանի շենքի առաջին հարկը և կոտրվել են ապակիները: Տեղացիները նշում են, որ պայթյունը լուրջ վնաս է հասցրել շենքին:

Դեպքի վայր են ժամանել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Նրանց խոսքով, վնասված շենքի բնակիչներին այսօր կտեղափոխեն հյուրանոց, զուգահեռաբար կսկսվի մասնագետների կողմից շենքի ուսումնասիրման գործընթացը:

Ներքին գործերի նախարարությունը փաստով հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում: