Ավստրիայի կանցլերն ասում է, որ այս պահին անհնար է դադարեցնել ռուսական գազը. «Սի Էն Էն»
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ այժմ անհնար է դադարեցնել ռուսական գազը։ Նրա խոսքով պատժամիջոցները պետք է վնասեն Ռուսաստանին, ոչ թե Եվրամիությանը: Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։
Ինչպես բացատրում է կանցլերը, Ավստրիան միակը չէ, ով նման փաստարկ ունի գազի էմբարգոյի դեմ։ Նեհամերը նշում է, որ նման դիրքորոշում ունեն Գերմանիան և Հունգարիան։ Միևնույն ժամանակ Ավստրիան ամուր կանգնած է Եվրամիության կողքին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։
«Նավթն արդեն քննարկվում է Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի կողմից։ Գազի հարցը առանձին է։ Սա միայն Ավստրիայի դիրքորոշումը չէ, դա նաև Գերմանիայի, Հունգարիայի և Բուլղարիայի դիրքորոշումն է, քանի որ մենք կախված ենք գազից։ Մեր արդյունաբերությունը կախված է գազից։ Մենք պետք է որոշենք, թե որ պատժամիջոցներն են ավելի շատ վնասում Ռուսաստանին, քան մեզ»,- ասել է նա։
Սակայն Նեհամերը չի հավատում, որ գազի էմբարգոյի շուրջ կարծիքների տարբերությունը Եվրամիությունում պառակտման կհանգեցնի։
«Մենք որոշել ենք միավորվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, և պատժամիջոցները, որոնք մենք արդեն ընդունել ենք, շատ ուժեղ են»,- ասել է Նեհամերը։