«Ատլանտիկ» (The Atlantic). Վոլոդիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին խնդրել է, որ Ուկրաինային թույլ տրվի «Սթարլինքն» (Starlink) օգտագործել Ռուսաստանի տարածքում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքները խոցելու համար
Սպիտակ տանը փակ դռների հետևում ընթացած բանակցությունների ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին խնդրել է, որ Ուկրաինային թույլ տրվի «Սթարլինք» (Starlink) համակարգն օգտագործել Ռուսաստանի տարածքում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքները խոցելու համար։
Այս մասին հայտնում է «Ատլանտիկ»-ը (The Atlantic)՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ այս գաղափարը, որը մինչ այժմ հանրությանը հայտնի չէր, ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս խուսափել Ուկրաինային «Պատրիոտ» (Patriot) տեսակի հրթիռների տրամադրումից, որոնց պաշարները Իրանի պատերազմի պատճառով կտրուկ նվազել են։
Մինչ այժմ Իլոն Մասկը Ուկրաինային «Սթարլինքի» օգտագործման թույլտվություն էր տալիս միայն սեփական տարածքում, այդ թվում՝ անեքսացված Ղրիմում և Ռուսաստանի կողմից օկուպացված այլ շրջաններում։
«Ատլանտիկ»-ի փոխանցմամբ՝ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում Զելենսկին բացատրել է բալիստիկ հրթիռների արձակման կայանքները խոցելու անհրաժեշտությունը, որոնք ռուսական զորքերն օգտագործում են ուկրաինական քաղաքներին հարվածելու համար։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Զելենսկին խնդրել է նաև հանդիպում Իլոն Մասկի հետ՝ նշված ծրագիրը քննարկելու համար, սակայն, բանակցությունների մասնակիցներից մեկի խոսքով, միլիարդատերը մերժել է։
Բացի այդ, ինչպես նշում է հրատարակությունը, Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հակազդել հրթիռային սպառնալիքին մինչև ձմռան գալուստը։
Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփը ուկրաինացի գործընկերոջն ասել է, որ կդիտարկի այդ խնդրանքները, սակայն չի հստակեցրել՝ կհամաձայնի, թե ոչ։
Աղբյուրներից մեկի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի վերջնական որոշումը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք Թրամփը կհամարի, որ դա կարող է արագացնել հակամարտության ավարտը։