Հորմուզի նեղուցի բացման մասին տարածված տեղեկատվությունից հետո նավթն էժանացել է։ Այս մասին տեղեկացնում է «Բիբիսին»։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Լոնդոնի բորսայում մեկ բարել «Բրենտ» (Brent) տեսակի նավթի արժեքն իջել է մինչև 88 դոլար։ Սա ամենացածր ցուցանիշն է 2026 թվականի մարտի 11-ից ի վեր։
Առևտրի արդյունքում «Բրենտ» տեսակի նավթի գինը սկզբում նվազել է 7,7%-ով, այնուհետև մեկ բարելի արժեքն ընկել է մինչև 87,71 դոլար, ինչը 11,75%-ով պակաս է առևտրաշրջանի սկզբում գրանցված գնից։
Ըստ լրատվամիջոցների՝ ներկայումս մեկ բարել «Բրենտ» տեսակի նավթը վաճառվում է 89,39 դոլարով։ Միևնույն ժամանակ, WTI մակնիշի նավթի 2026 թվականի հունիսյան ֆյուչերսների արժեքը կազմում է 81,52 դոլար՝ մեկ բարելի դիմաց։