Արտասահմանյան լրատվամիջոցներ. Լիտվան կարող է պահանջել, որ որոշ ռուս քաղաքացիներ դատապարտեն ռուսական ագրեսիան երկիր մուտք գործելիս
Լիտվան կարող է պահանջել, որ որոշ ռուս քաղաքացիներ դատապարտեն ռուսական ագրեսիան երկիր մուտք գործելիս, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը, ըստ լրատվամիջոցների, առաջարկում է արգելել Բելառուսի և Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը երկիր, ովքեր պլանավորում են աշխատել Լիտվայում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և զվարճանքի ոլորտներում, եթե նրանք ակտիվորեն աշխատել են Ուկրաինայի օկուպացված տարածքներում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցել կամ մասնակցել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ծավալված լայնածավալ պատերազմին։
Ինչպես հաղորդում է Դելֆի-ն, Լիտվա մուտք գործելու համար այս կատեգորիայի Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները պետք է ստորագրեն հռչակագիր, որով դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ և հաստատում իրենց աջակցությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և դրա սկզբունքներին, ինչպես նաև Ուկրաինայի անկախությանն ու ինքնիշխանությանը։
Լիտվայի հանրային հեռարձակողի հաղորդմամբ, համապատասխան փոփոխություններ են նախատեսվում կատարել «Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի հետ կապված սահմանափակող միջոցառումների մասին» օրենքում։ Նույն օրենքի նախագծի համաձայն՝ Լիտվայում բնակության թույլտվություն ունեցող Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին կարգելվի անշարժ գույք ձեռք բերել ռազմավարական օբյեկտների և զորավարժարանների մոտակայքում։ Սահմանափակումը կվերաբերի նաև նրանց պատկանող իրավաբանական անձանց։
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը նաև առաջարկում է լիակատար արգելք սահմանել Բելառուսի այն քաղաքացիների համար, ովքեր չունեն Լիտվայում բնակության թույլտվություն, երկրում անշարժ գույք գնելու հարցում: Նմանատիպ արգելք արդեն իսկ գործում է Ռուսաստանի քաղաքացիների համար 2023 թվականից ի վեր:
Եթե օրինագիծը հաստատվի, նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։