Առողջապահության նախարարություն – Վրաստանը հեպատիտների վերացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի միջազգային ճանաչման փուլում է
Վրաստանն անցել է վիրուսային հեպատիտների վերացման միջազգային վավերացման գործընթացի նոր փուլ: Սա նշանակում է, որ երկիրը պատրաստվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից B և C հեպատիտների վերացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի միջազգային ճանաչմանը, – այս մասին տեղեկատվություն է տարածում Առողջապահության նախարարությունը:
Սրա հետ կապված՝ Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի գլխավորությամբ տեղի է ունեցել Վիրուսային հեպատիտների վերացման վավերացման ազգային խորհրդի առաջին նիստը:
Նախարարը խոսքով դիմել է խորհրդի անդամներին և խոսել B և C հեպատիտների պետական ծրագրերի կարևորության ու արձանագրված արդյունքների մասին: Միխեիլ Սարջվելաձեի հայտարարությամբ՝ C հեպատիտի վերացման ծրագիրը երկրի առողջապահական համակարգի գլխավոր հաջողություններից մեկն է, որը Վրաստանը դասել է միջազգային առաջատարների շարքին: Նախարարն առանձնահատուկ ընդգծել է Թենգիզ Ցերցվաձեի դերը ծրագրի զարգացման գործում: Միխեիլ Սարջվելաձեն նշել է, որ վերջին տասնամյակում արձանագրված արդյունքները հետևողական պետական քաղաքականության, վրաց մասնագետների պրոֆեսիոնալիզմի և միջազգային գործընկերների հետ հաջող համագործակցության արդյունք են:
Վրաստանն ընթացիկ տարում նախատեսում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ միջազգային վավերացում երկու ուղղությամբ. դրանք են՝ C հեպատիտի վերացման ճանապարհին արձանագրված առաջընթացի և B հեպատիտի՝ մորից երեխային փոխանցման վերացման վավերացումը: Հայտը երկու ուղղություններով էլ պատրաստված է վավերացման ոսկե՝ բարձրագույն մակարդակ ստանալու համար:
Երկրի վերջնական նպատակը մինչև 2030 թվականը հեպատիտի վերացումն է, ինչը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ ռազմավարությամբ սահմանված ժամկետներին:
Խորհրդի անդամները քննարկել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան պատրաստված Վիրուսային հեպատիտների վերացման վավերացման ազգային զեկույցը, որն արտացոլում է Վրաստանի կողմից B և C հեպատիտների վերացման ուղղությամբ արձանագրված նշանակալի առաջընթացը՝ քրոնիկ C հեպատիտ ունեցող պացիենտների 87.3%-ը ախտորոշված է, իսկ ախտորոշված պացիենտների 87.1%-ը սկսել է բուժումը, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիրախային ցուցանիշները: Ընդ որում, C հեպատիտի բուժման ցուցանիշը հասնում է 99%-ի: B հեպատիտի ուղղությամբ Վրաստանն արդեն կատարել է ԱՀԿ տարածաշրջանային նպատակները. երեխաների շրջանում հիվանդության տարածվածությունը կազմում է 0.03%, նորածինների ծննդյան պահին պատվաստման ծածկույթը հասել է 96%-ի, իսկ եռադոզ պատվաստման ծածկույթը՝ 90%-ի:
Հեպատիտների վերացման վավերացման ազգային խորհուրդը ստեղծվել է Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով: Խորհուրդը համախմբում է նախարարության, Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի, Վրաստանի կառավարության, Վրաստանի խորհրդարանի, Առողջապահության ազգային գործակալության, բժշկական ոլորտի, ակադեմիական շրջանակների, միջազգային և գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին», – նշված է Առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ: