Արմեն Սարգսյան. Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, պետք է հոգանք մեր հարաբերությունների մասին
Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք պետք է հոգանք մեր հարաբերությունների մասին, – լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա խոսեց Վրաստան կատարած այցի ընթացքում անցկացված հանդիպումների մասին:
«Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, որի հետ մենք երկար ու պատմական հարաբերություններ ունենք: Ես այստեղ եմ պաշտոնական այցով: Ես հանդիպեցի Վրաստանի նախագահի, խորհրդարանի նախագահի հետ, ցավոք, չկարողացա հանդիպել Վրաստանի վարչապետի հետ, սակայն մենք հեռախոսազրույց ունեցանք և կարողացանք տեղեկատվություն փոխանակել: Առաջիկայում նախատեսվում է վարչապետի այցը Հայաստան:
Մեր հանդիպումների հիմնական թեման երկկողմ հարաբերություններն էին, մենք մտքեր փոխանակեցինք, թե ինչպես ենք տեսնում տարածաշրջանի զարգացման ուղիները: Կարևոր է տարածաշրջանում կայունություն ունենալը: Այսօր մեր տարածաշրջանը բախվում է բավականին բարդ մարտահրավերների:
Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք Արցախին արդար կարգավիճակ շնորհելու հարցը: Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև և մեզ հարթակ առաջարկել», – ասաց Սարգսյանը:
Հայաստանի նախագահը խոսեց նաև համաճարակի մասին և նշեց, որ Վրաստանը լավ է հաղթահարում այն:
«Մինչ օրս ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում շատ մարդիկ մահանում են կորոնավիրուսից: Քայլեր պետք է ձեռնարկվեն առողջապահության և տնտեսության տեսանկյունից: Վրաստանը լավ է հաղթահարում համաճարակը: Երեկ երեկոյան ժամը 9-ից հետո ինչ-որ մեկին տեսե՞լ եք փողոցում: Ես ոչ ոքի չեմ տեսել: Դա նշանակում է, որ Վրաստանը լավ է հաղթահարում կորոնավիրուսը», – ասաց Արմեն Սարգսյանը:
Միաժամանակ, Հայաստանի նախագահը նշել է, որ առաջիկայում կրկին կայցելի Վրաստան:
«Ես ուզում էի այցելել Սամցխե-Ջավախեթի, բայց համաճարակի պատճառով չկարողացա: Առաջիկայում կրկին կայցելեմ Վրաստան և կայցելեմ նաև այս տարածաշրջան: Մենք պետք է հոգ տանենք Վրաստանի հետ հարաբերությունների մասին», – ասաց Սարկիսյանը: