Արևմտյան երկրների առաջնորդները Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ դեռևս չեն շնորհավորել

14:59, 19.03.2018

Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ դեռևս չեն շնորհավորել արևմտյան երկրների առաջնորդները:

Վլադիմիր Պուտինը շնորհավորանք է ստացել մի քանի երկրներից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

«Այս հաղթանակը խոսում է ձեր մեծ քաղաքական հեղինակության  և ձեր կողմից անցկացվող ուղղու ակտիվ աջակցության մասին»,-ասված է շնորհավորական ուղերձում, որը տեղադրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջում:

Վլադիմիր Պուտինին շնորհավորել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի առաջնորդը համոզված է, որ երկրների միջև ռազմավարական համագործակցությունը գնալով խորանալու է:

Ռուսաստանի նախագահին արդեն շնորհավորել է Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն, Եգիպտոսի նախագահ Աբդել Փաթահ Ալ-Սիսին:

Քիչ առաջ տարածվել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը:

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին»,-ասված է շնորհավորական տեքստում:

Ռուսաստանի գործող նախագահի օգտին քվեարկած ընտրողների թիվը գերազանցել են 76 տոկոսը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 99 տոկոսն ամփոփելուց հետո։

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Պուտինի օգտին է քվեարկել 55 մլն 403 971 հազար մարդ։

 

 

Նմանատիպ