Արչիլ Թալակվաձե. Եթե պահպանվի կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազումը, դա կլինի սահմանափակումների չեղարկման գործընթացն արագացնելու ամուր հիմք
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հայտարարում է, որ եթե պահպանվի կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազումը, դա կլինի ամուր հիմք, որպեսզի սահմանափակումների չեղարկման գործընթացն արագացվի: Այս մասին այսօր հայտարարել է Արչիլ Թալակվաձեն՝ բյուրոյի նիստին:
«Լավ է, որ բժիշկների, առողջապահության մասնագետների, մեր հասարակության աջակցությամբ, իշխանության համակարգված աշխատանքով, բարեբախտաբար վերջին օրերին վարակման նոր դեպքերի թիվն արդեն պակաս է ապաքինվածների թվից: Եթե այս միտումը շարունակվի և պահպանվի, այն տալիս է ամուր հիմք, որպեսզի մենք արագացնենք սահմանափակումների չեղարկման գործընթացը, առավել արագ վերականգնենք տնտեսական և սոցիալական գործառույթները, որոնք այս պահի դրությամբ դադարեցված են հանրային առողջապահության նկատառումներից ելնելով»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Թալակվաձեի խոսքով, Վրաստանը կարողացել է զսպել կորոնավիրուսի համավարակը, առաջին միջոցառումները եղել են շատ հապճեպ և հետագայում ևս, վարակի կառավարումը դառնում էր շատ արդյունավետ:
«Խորհրդարանի և կառավարության միջև եղել է լավ համակարգում: Որևէ կարևոր որոշում, առանց ձեր ներգրավվածության, չի կայացվել: Իհարկե, խորհրդարանը կվերադառնա բնականոն ռեժիմին, մենք կգնահատենք բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են կքննարկենք ապագա ծրագրերը և ռազմավարությունը»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: