Անրի Օխանաշվիլի. Վրաստանի կառավարությունը հերթական հաղթանակը տարավ Ստրասբուրգում, որով Ռուսաստանը լիովին պատասխանատու ճանաչվեց օկուպացված Աբխազիայում սեփականության իրավունքի խախտման համար
Անրի Օխանաշվիլի. Վրաստանի կառավարությունը հերթական հաղթանակը տարավ Ստրասբուրգում, որով Ռուսաստանը լիովին պատասխանատու ճանաչվեց օկուպացված Աբխազիայում սեփականության իրավունքի խախտման համար

Վրաստանի կառավարությունը Ստրասբուրգի դատարանում հերթական հաղթանակը տարավ, որը ևս մեկ անգամ հաստատեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը, նախարարությունում կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին։

Օխանաշվիլիի խոսքով՝ Ստրասբուրգի դատարանը հրապարակել է «Տագանովան և մյուսներն ընդդեմ Վրաստանի և Ռուսաստանի» գործով որոշումը, ըստ որի՝ Ռուսաստանը լիովին պատասխանատու է օկուպացված Աբխազիայի տարածքում սեփականության իրավունքի խախտման համար։

«Նշված գործով բողոքած ֆիզիկական անձանց հայցը վերաբերում էր օկուպացված Աբխազիայի տարածքում սեփականության հետ կապված խնդիրներին։ Ստրասբուրգի դատարանի այսօրվա որոշումը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ռուսաստանը լիովին պատասխանատվություն է կրում օկուպացված տարածքներում մարդու իրավունքների ոտնահարման համար, քանի որ Ռուսաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում իր կողմից մինչ օրս օկուպացված Աբխազիայի տարածքում։ Ստրասբուրգի դատարանն ընդգծել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Աբխազիան Վրաստանի անբաժանելի մասն է, սակայն 1990-ականներից ի վեր վրացական իշխանությունները չեն կարողանում արդյունավետ վերահսկողություն իրականացնել դրա վրա՝ Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական միջամտության պատճառով։

Չնայած օկուպացված Աբխազիայի տարածքի վրա արդյունավետ վերահսկողություն իրականացնելու Վրաստանի անկարողությանը՝ Ստրասբուրգի դատարանն ընդգծել է, որ վրացական իշխանությունները ձեռնարկել են բոլոր հնարավոր և ողջամիտ միջոցները՝ պաշտպանելու Աբխազիայում անհատների սեփականության իրավունքները։ Եվրոպական դատարանի այսօրվա որոշումը ևս մեկ անգամ հաստատեց Վրաստանի իշխանությունների կողմից 2012 թվականից ի վեր իրականացված ողջամիտ և խաղաղ ապաօկուպացիայի վավերականությունը։

Շնորհավորում եմ մեր հասարակությանը օկուպացիայի դեմ այս հերթական ազգային հաղթանակի կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարության աշխատակիցներին պետական ​​շահերի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար»,- ասել է Անրի Օխանաշվիլին։