Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվել են հարաբերությունները կարգավորելու մեխանիզմ ստեղծելու մասին
Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվել են հարաբերությունները կարգավորելու մեխանիզմ ստեղծելու մասին

Անկարան և Վաշինգտոնը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Թուրքիա կատարած այցի ընթացքում, պայմանավորվել են հարաբերությունները նորմալացնելու մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ,– հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թիլերսոնը Թուրքիայում է գտնվում երկօրյա այցով։ Նախօրեին նա բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի հետ։ Ուրբաթ օրը տեղի է ունեցել Թիլերսոնի հանդիպումը Չավուշօղլուի հետ։

«Երեկ տեղի է ունեցել մեր նախագահի և ԱՄն պետքարտուղարի հանդիպումը, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Քննարկվել են ոչ միայն երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր, այլ նաև տարածաշրջանային հարցերով համագործակցությունը։ Երեկ մենք պայմանավորվեցինք հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ–ն մեկ անգամ չէ, որ մեզ խոստումներ է տվել, իսկ հետո դրանք չի կատարել։ Մենք պետք է այնպիսի քայլեր անենք, որպեսզի դրանք չմնան թղթի վրա, որոշեցինք մեխանիզմ մշակել այդ խնդիրները լուծելու համար»,– ասել է Չավուշօղլուն։

Նա ավելացրել է, որ այս մեխանիզմի շրջանակներում թուրք–ամերիկյան առաջին հանդիպումը տեղի է ունենալու մարտին։