Անդրեյ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է Կիտ Քելոգի հետ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը իր թիմի հետ Վաշինգտոնում հանդիպել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգին։
«Քննարկեցինք ռազմաճակատում առկա իրավիճակը, Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման և Ուկրաինային ռազմական օգնության ավելացման կարևորությունը։ Նաև խոսեցինք Ռուսաստանի կողմից առևանգված երեխաների մասին», – հայտարարել է Երմակը։
Երմակի խոսքով՝ նա Քելոգին փոխանցել է, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի չդադարեցնի կրակը, և սա «պետք է ուժով կանգնեցվի»։
«Ուկրաինան արել է ամեն ինչ պատերազմի ավարտի համար։ Եթե Ռուսաստանը կամավոր չդադարեցնի կրակը, մենք ստիպված ենք լինելու իրականացնել գործողություններ և ոչնչացնել նրանց ռազմական ներուժը», – ասել է Երմակը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ամերիկացի ժողովրդին և երկու կուսակցություններին Ուկրաինային աջակցության համար։
Նշենք, որ այսօր Ուկրաինայի պատվիրակությունը տնտեսության նախարար Յուլիա Սվիրիդենկոյի ղեկավարությամբ ժամանել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։