ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. Մենք ոչ մեկին թույլ չենք տա փակել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը

21:53, 10.01.2022

Մենք ոչ մեկին թույլ չենք տա փակել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը, – Ժնևում ռուս գործընկեր Սերգեյ Ռյաբկովի հետ յոթ ժամ տեւած բանակցություններից հետո լրատվամիջոցներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։ Տեղեկությունը տարածում է «Agence France-Presse»-ը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խոսքով, Ժնևում բանակցությունների ընթացքում նա ՌԴ ներկայացուցչի հետ քննարկել է հակաէսկալացիայի ուղղությամբ երկկողմանի քայլերը հրթիռային համակարգերի և զորավարժությունների հետ կապված։ Միաժամանակ նա հերթական անգամ զգուշացրել է Ռուսաստանին, որ Ուկրաինա ներխուժելը թանկ կարժենա։ Նա հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայի սահմանից։

«Մենք ներկայացրել ենք մի շարք գաղափարներ, որտեղ մեր երկու երկրները կարող են ներգրավվել փոխգործակցության մեջ, որը կբխի մեր անվտանգության շահերից և կբարելավի ռազմավարական կայունությունը», – Ժնևում լրագրողներին ասել է Շերմանը:

Վենդի Շերմանը ասել է, որ առաջարկել է ռուսական կողմին շարունակել բանակցությունները հրթիռային համակարգերի տեղակայման շուրջ։ Միաժամանակ նա բացառել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու երաշխիքներ տալը։

«Մենք կտրականապես մերժում ենք անվտանգության ապահովման ցանկացած առաջարկ, որն անընդունելի է Միացյալ Նահանգների համար։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա փակել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը»,- ասել է նա։

Նմանատիպ