ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ, գործնական կամ տուրիստական վիզաներ փնտրողներից կարող է պահանջվել մինչև 15,000 դոլարի չափով գրավ
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ, գործնական կամ տուրիստական վիզաներ փնտրողներից կարող է պահանջվել մինչև 15,000 դոլարի չափով գրավ

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ բիզնես կամ տուրիստական վիզա ստանալու ցանկություն ունեցող անձանց համար սահմանել մինչև 15 000 դոլարի երաշխիքային գումարի վճարման պարտավորություն։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ համապատասխան ծանուցման մեջ, որը պետք է հրապարակվի դաշնային ռեեստրում օգոստոսի 5-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ այս նոր պահանջը կվերաբերի միայն այն երկրների քաղաքացիներին, որոնց մոտ վիզայի ժամկետների խախտման մակարդակը բարձր է կամ որոնց փաստաթղթերի անվտանգության ներքին վերահսկման համակարգը պատշաճ չի գործում։ Այս դեպքում տվյալ երկրների քաղաքացիները վիզայի դիմումի լրացման ժամանակ պարտավոր կլինեն վճարել երաշխիքային գումար, որը կկազմի 5000-ից 15000 դոլար։

Նույն ծանուցման համաձայն՝ այս պարտավորությունը կգործի փորձնական ծրագրի շրջանակներում և կտևի մեկ տարի։

Երաշխիքային գումար վճարելու պարտավորություն ունեցող երկրների ցանկը հայտնի կլինի ծրագրի գործարկումից հետո։ Բացի այդ, որոշ անձինք՝ կախված իրենց անհատական հանգամանքներից, կարող են ազատվել այս վճարումից։

Նշվում է, որ այս պահանջը չի վերաբերի այն երկրների քաղաքացիներին, որոնք օգտվում են ԱՄՆ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդության ռեժիմից։

Այս առաջարկը Պետդեպարտամենտը ներկայացրել է այն ֆոնի վրա, երբ Թրամփի վարչակազմը խստացնում է ԱՄՆ վիզա ստանալու պայմանները։ Անցած շաբաթ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ վիզայի դիմորդների մեծ մասն այժմ ստիպված կլինի անցնել հարցազրույց, ինչը նախկինում պարտադիր չէր։