ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների ու խորհրդարանի անդամների նկատմամբ
ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների ու խորհրդարանի անդամների նկատմամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահ և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների և մասնավոր անձանց նկատմամբ,- ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ Պետդեպարտամենտն այսօր հայտարարում է լրացուցիչ միջոցների մասին իր վիզային սահմանափակման քաղաքականության շրջանակում, որն արգելում է վիզաների տրամադրումը այն անձանց, ովքեր պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար։ Այսօրվա գործողությունը կվերաբերի մոտ 20 մարդու, այդ թվում՝ նախարարների, պատգամավորների, իրավապահ և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ և մասնավոր անձանց։

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության շարունակական դաժան և չարդարացված բռնությունները Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմության անդամների նկատմամբ։

«Վրացական երազանքը» հրաժարվել է Վրաստանի եվրատլանտյան ապագայից, որին աջակցում է վրաց ժողովրդի մեծամասնությունը, որը նախատեսված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Մենք պարտավորվում ենք երաշխավորել, որ ժողովրդավարության խախտման համար պատասխանատու կամ մեղսակից բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվեն վիզային սահմանափակումների:

ԱՄՆ-ը լրացուցիչ միջոցներ է նախապատրաստում, այդ թվում՝ պատժամիջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր խաթարում են Վրաստանում ժողովրդավարությունը։ Վրաստանի ժողովրդի հետ միասին մենք ցանկանում ենք տեսնել ուժեղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Վրաստան, որն ամուր կերպով ինտեգրված կլինի եվրատլանտյան հանրությանը։ Մեր այսօրվա գործողությունները ցույց են տալիս ԱՄՆ-ի հաստատակամ վճռականությունը և հավելում են նախկինում հայտարարված միջոցառումները, որոնք վերաբերել են «Վրացական երազանք»-ի հետ կապված ավելի քան 100 անձանց և նրանց ընտանիքի անդամների»,- ասվում է հայտարարության մեջ։