ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ուշադիր հետևելու է Ղազախստանում մարդու իրավունքների ցանկացած խախտման և հարձակման հաստատությունների վրա
Սպիտակ տունը հայտնել է, որ հարցեր ունի Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ այլ երկրներ Ղազախստան զորքեր ուղարկելու վերաբերյալ։
Այս մասին հայտարարել են Սպիտակ տան և Պետդեպարտամենտի խոսնակները։ ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով՝ Վաշինգտոնը սպասում է փաստարկված պատասխանի, թե ինչու է անհրաժեշտ եղել խաղաղապահ զորախումբ ուղարկել Ղազախստան։ ԱՄՆ-ը կարծում է, որ Ղազախստանն ունի բավարար ռեսուրսներ երկրում կարգուկանոն հաստատելու համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ուշադիր հետևելու է Ղազախստանում մարդու իրավունքների խախտումներին կամ ղազախական հաստատությունների վրա հարձակումներին:
«Մենք հուսով ենք, որ Ղազախստանը շուտով կլուծի խնդիրները, որոնք կրում են հիմնարար տնտեսական և քաղաքական բնույթ։ Որպես Ղազախստանի կառավարության և ժողովրդի գործընկեր՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում շարունակելու աշխատանքը ղազախ ժողովրդի և երկրի իշխանության հետ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Ղազախստանի իշխանության պահանջով խաղաղապահներ է ուղարկել Ղազախստան։ Ռուսական և բելառուսական զորքերն արդեն ժամանել են Ղազախստան։ Ղազախստանի նախագահի վարչակազմի տվյալներով՝ նրանք չեն մասնակցի Ղազախստանում ռազմական գործողություններին։