ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծի համաձայն՝ Պետդեպարտամենտում կստեղծվի գերատեսչություն՝ այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար
ԱՄՆ Պետական դեպարտամենտում կստեղծվի հատուկ ստորաբաժանում՝ այլ երկրներում Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարելու նպատակով։ Ինչպես նշված է ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծում, այս նոր ստորաբաժանումը կդասվի Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի կառուցվածքում և ուղղված կլինի Ռուսաստանի ազդեցության դիմակայմանը։
ԱՄՆ-ի «Ազգային պաշտպանության լիազորությունների ակտի» համաձայն՝ Կոնգրեսը պարտավորեցնում է Պետական քարտուղարին ստեղծել այս ստորաբաժանումը՝ ի պատասխան Ռուսաստանի ազդեցության փորձերի այլ ինքնիշխան երկրների վրա, ինչպես նաև այլ «վնասաբեր գործողությունների», որոնք ուղղված են ԱՄՆ-ի դաշնակիցներին կամ գործընկեր երկրներին։
Փաստաթղթում նշվում է, որ այս գործողությունները «վնասում են, սպառնում են կամ խաթարում են ԱՄՆ-ի շահերը»։
Նախագծի համաձայն՝ նոր ստորաբաժանման ղեկավարությունը պարտավոր կլինի ամսական հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին։ Օրինագծում նաև նշվում է, որ ԱՄՆ-ի Պետական քարտուղարը, Պաշտպանության նախարարն ու Ազգային հետախուզության տնօրենը պարբերաբար պետք է Կոնգրեսին ներկայացնեն զեկույցներ Ռուսաստանի և Չինաստանի վնասաբեր գործողությունների ու քարոզչական արշավների վերաբերյալ, որոնք իրականացվում են հատկապես Բալկանյան երկրներում։
Նշենք, որ այս նախաձեռնությունը ներառված է ԱՄՆ-ի «Ազգային պաշտպանության լիազորությունների ակտում» (NDAA), որը համաձայնեցվել է Հանրապետական և Դեմոկրատ կոնգրեսականների կողմից և մոտ ժամանակներս կընդունվի։