ԱՄՆ-ն և Եվրամիությունը հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ համագործակցության հուշագիր են ստորագրել
ԱՄՆ-ն և Եվրամիությունը ստորագրել են համագործակցության հուշագիր հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ։ Հուշագիրը Վաշինգտոնում ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է խրախուսել հազվագյուտ հանքանյութերի գնումը, ներառյալ նվազագույն գների մեխանիզմների ստեղծումը։ Այս միջոցառումները առավելություն կտան այն մատակարարներին, որոնք չեն ներկայացնում չինական ընկերություններ։
Ինչպես նշել է Մարկո Ռուբիոն, ռազմավարական ռեսուրսների կենտրոնացումը մեկ կամ մի քանի երկրների վերահսկողության տակ լուրջ սպառնալիք է։ Նրա խոսքով՝ աշխարհում, հատկապես արևմտյան դաշնակիցների մոտ և Եվրոպայում, աճում է գիտակցումն այն մասին, թե որքան կարևոր են մատակարարման շղթաները և կրիտիկական հանքանյութերը տնտեսությունների և ազգային անվտանգության համար։
Իր հերթին Շեֆչովիչը նշել է, որ հուշագիրը կնպաստի Վաշինգտոնի և Բրյուսելի միջև հարաբերությունների ամրապնդմանը։
«Հավատում եմ, որ այս փոխըմբռնման հուշագրի շնորհիվ մենք կլինենք էլ ավելի ռազմավարական, շատ ավելի արագ կհասնենք մեր նպատակներին և, իհարկե, միասին ավելի ուժեղ կլինենք այս շատ կարևոր ոլորտում», – հայտարարել է Շեֆչովիչը։