ԱՄՆ-ն և Ուզբեկստանը ստորագրեցին 12 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային համաձայնագրեր
ԱՄՆ-ն և Ուզբեկստանը ստորագրել են 12 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային համաձայնագրեր։ Ըստ ուզբեկական լրատվամիջոցների՝ համաձայնագրերը կնքվել են Սամարղանդում՝ ԱՄՆ պետքարտուղարի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։
Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 54 համաձայնագիր, որոնք վերաբերում են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությանը։ Այդ ոլորտներն են՝ արդյունաբերությունը, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները, կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերը, ֆինանսական հատվածը, թվային տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, առողջապահությունը և կրթությունը։
Մասնավորապես, ամերիկյան «Wabtec» ընկերության հետ գործընկերությունը նպատակ ունի զարգացնել երկաթուղային սարքավորումների և բաղադրիչների արտադրությունը Ուզբեկստանում։ Ֆինանսական ընկերությունների՝ այդ թվում «Franklin Templeton»-ի, «Oppenheimer & Co.»-ի, «Citigroup»-ի և «BlackRock»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները միտված են ուզբեկական ընկերությունների մուտքը միջազգային կապիտալի շուկաներ հեշտացնելուն, ներդրողներ ներգրավելուն և ենթակառուցվածքային նախագծերը ֆինանսավորելուն։ Հանքարդյունաբերության ոլորտում «ReElement Technologies»-ի, «Traxys»-ի և «Trafigura»-ի հետ համագործակցությունը ներառում է հանքավայրերի հետախուզումն ու շահագործումը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացումը՝ հատուկ շեշտադրում կատարելով կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերի արդյունահանման վրա։
Բացի այդ, «Amazon LEO»-ի հետ համաձայնագիրը վերաբերում է արբանյակային կապի զարգացմանը, «GE HealthCare»-ի հետ գործընկերությունը՝ առողջապահական համակարգում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, իսկ «Valmont Industries»-ի հետ համագործակցությունը նպատակ ունի բարձրացնել գյուղատնտեսական արտադրողականությունը։
Սամարղանդում կայացած հանդիպումը վարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակության կազմում մասնակցել են շուրջ 300 ընկերությունների ներկայացուցիչներ։ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովի հետ հանդիպման ժամանակ Ռուբիոն նշել է, որ 2025 թվականի նոյեմբերի դրությամբ ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կնքվել են ավելի քան 25 միլիարդ Համագործակցության այս մեխանիզմը գործում է 2015 թվականից ի վեր և նպաստում է տարածաշրջանում ԱՄՆ-ի տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը։