ԱՄՆ-ն առևտրային համաձայնության է եկել Հարավային Կորեայի հետ
ԱՄՆ-ն առևտրային համաձայնության է եկել Հարավային Կորեայի հետ

ԱՄՆ-ն առևտրային համաձայնության է եկել Հարավային Կորեայի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-մյունգի կողմից կազմակերպված ընթրիքից առաջ հարցին, թե արդյոք երկու երկրների միջև համաձայնության է եկել, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Մենք դա արեցինք։ Մենք համաձայնության հասանք։ Մենք գրեթե ավարտել ենք»։

ԱՄՆ նախագահը չի մանրամասնել երկու երկրների միջև համաձայնագրի մանրամասները։

Ըստ հաղորդագրությունների, համաձայնագրի հայտարարությունից կարճ ժամանակ անց վոնի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է 0.54%-ով։

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ առևտրային համաձայնագրի բացակայության դեպքում հարավկորեական մեքենաների և պողպատի արտադրողները ստիպված կլինեն վճարել 25% մաքսատուրք՝ հուլիսին համաձայնեցված 15%-ի փոխարեն։ Սա նրանց անբարենպաստ դրության մեջ է դնում իրենց ճապոնացի մրցակիցների համեմատ, որոնք Տոկիոյի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրից հետո վճարում են 15% մաքսատուրք։

Թրամփ-Լի հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի ասիական շրջագայության շրջանակներում, որը սկսվել է Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի 47-րդ գագաթնաժողովով: Հարավկորեացի պաշտոնյաների խոսքով՝ երկրների կարծիքները Միացյալ Նահանգներում 350 միլիարդ դոլարի ներդրումների վերաբերյալ դեռևս բաժանված են, քանի որ Սեուլը փորձում է կրճատել գումարը՝ մեծացնելով վարկերի և վարկային երաշխիքների բաժինը: