ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Փաստաթուղթն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ:
Փաստաթղթում նշված է, որ «ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար կարևոր է, որպեսզի ցեղասպանությունը պաշտոնապես լինի ճանաչված»:
Ներկայացուցիչների պալատը հանդես է եկել կոչով, որ «ԱՄՆ-ի քաղաքացիներն ունենան ավելի շատ տեղեկություն Հայոց ցեղասպանության մասին»:
Հատկանշական է, որ կոնգրեսականները տարվա ընթացքում նման բանաձևեր քննարկել են բազմիցս, սակայն փաստաթուղթը ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկության երբեք չի դրվել: