ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում ընթանում է բանակցությունների երրորդ փուլը
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում ընթանում է բանակցությունների երրորդ փուլը: Ընդդիմության և «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հանդիպում են դեսպանների հետ:
Ընդդիմության ներկայացուցիչներն ունեն մի քանի պահանջներ, ներառյալ արտահերթ ընտրություններ, ընտրական վարչակազմի փոփոխություն, 2021 թվականին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պլեբիսցիտի նշանակում, այսպես կոչված քաղբանտարկյալների ազատում:
Բանակցություններին իշխող կուսակցությունից մասնակցում է Իրակլի Կոբախիձեն, որը նախքան հանդիպումը մեկնաբանություն չի տվել:
Միևնույն ժամանակ, երեկ «Վրացական երազանք»-ի ընտրական ցուցակի անդամ, Դավիթ Մաթիկաշվիլին հայտարարել էր, որ «Վրացական երազանքը» պատրաստ է բանակցել ընդդիմության հետ, չնայած կան որոշ կարմիր գծեր, որոնք չեն անցնի: Ըստ նրա, քաղաքական ուժերը պետք է կարողանան երկրի համար օգտակար քաղաքական որոշումներ կայացնել ոչ թե փողոցում, այլ խորհրդարանի դահլիճում և հանձնաժողովներում, ինչպես նախատեսված է կանոնակարգով և սահմանադրությամբ: