ԱՄՆ դեսպանատնից հետո օդային հարվածների սպառնալիքի պատճառով Կիևում այսօր դադարեցրել են աշխատանքը նաև Հունաստանի, Իտալիայի և Իսպանիայի դեսպանատները

15:36, 20.11.2024

ԱՄՆ դեսպանատնից հետո օդային հարվածների սպառնալիքի պատճառով Կիևում այսօր դադարեցրել են աշխատանքը նաև Հունաստանի, Իտալիայի և Իսպանիայի դեսպանատները։

Հունաստանի դիվանագիտական ​​առաքելությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ տեղաշարժից և մնալ անվտանգ վայրերում։

Իսպանիայի դեսպանությունը Ուկրաինայում բնակվող քաղաքացիներին խորհուրդ է տալիս անվտանգության արտակարգ միջոցներ կիրառել, հաշվի առնել տեղական իշխանությունների բոլոր հանձնարարականները, և համոզվել, որ մոտակայքում ապաստարան կա։ Դեսպանատունը նշում է, որ նոյեմբերի 20-ին աշխատանքները դադարեցվում են ողջ Ուկրաինայի վրա ավիահարվածների բարձր ռիսկի պատճառով։

Աշխատանքի դադարեցման մասին քաղաքացիներին զգուշացրել է նաև Իտալիայի դեսպանատունը։

«ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվություն է հրապարակել այսօր՝ նոյեմբերի 20-ին սպասվող բարձր ինտենսիվությամբ ավիահարվածի մասին։ Անվտանգության միջոցառումներից ելնելով այսօր Կիևում դեսպանատունը փակ կլինի այցելուների համար»,- ասվում է դեսպանատան կայքում։

Ավելի վաղ Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Կիևում՝ Ուկրաինայի մայրաքաղաքին ավիահարված հասցնելու սպառնալիքի պատճառով։

Նմանատիպ