ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելուն արձագանքել են համաշխարհային լիդերները
ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելուն արձագանքել են համաշխարհային լիդերները

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշմանը՝ Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ, արձագանքել են տարբեր երկրների առաջնորդները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելու փաստը և այդ քայլը որակել,  որպես անպատասխանատու: Միևնույն ժամանակ Ստամբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ և բողոքել Դոնալդ Թրամփի որոշման դեմ:

Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլրահման ալ Թանին՝ Վաշինգթոնի այս քայլը «վտանգավոր էսկալացիա» է անվանել:

Թունիսի ազդեցիկ լեյբորիստական միության հայտարարությամբ, ԱՄՆ-ի նախագահի այս քայլը հավասար է պատերազմ հայտարարելուն:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին պաղեստինյան ղեկավար Մահմուդ Աբասի հետ քննարկել է ԱՄՆ որոշման հետեւանքները: Սիսին ասել է, որ Եգիպտոսը մերժում է այդ որոշումը և «դրա պատճառով առաջացող ցանկացած հետևանք»:

 

Ինչ վերաբերում է Մահմուդ Աբասին, ապա վերջինս ասել է, որ Երուսաղեմը Պաղեստինի ապագա պետության մայրաքաղաքն է լինելու:

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է, որ երկիրը վրդովված է Թրամփի այս որոշման կապակցությամբ: Մեքսիկական կողմը հաստատել է, որ իրենց դեսպանատունը մնալու է Թել Ավիվում:

 

Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է, որ Թրամփի որոշումը սպառնում է տարածաշրջանում խաղաղ գործընթացին և կայունությանը:

Հորդանանը նույնպես մերժում է ԱՄՆ որոշումը՝ ասելով, որ այն ավելացնում է լարվածությունը և խախտում է միջազգային լեգիտիմությունը:

Եվրամիությունը խիստ մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան  տեղափոխման  և  այն որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  որոշմամբ և  տարածաշրջանում կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում:

Հիշեցնենք, երեկ ԱՄՆ- նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրաելի մայրաքաղաք: