Ամառային տաք օրերի հետ կապված՝ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը դիմում է քաղաքացիներին՝ ներկայացնելով հանձնարարականներ
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը դիմում է քաղաքացիներին՝ ներկայացնելով հանձնարարականներ:
Նրանց տեղեկացմամբ՝ ամռան ժամանակահատվածում ավելանում է աղիքային վարակների և սննդային թունավորումների քանակը, որի պատճառով անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոն՝ մթերքի պահպանում, ճիշտ օգտագործում, ճիշտ պատրաստում և մաքուր ձեռքեր:
«Մթերքի ճիշտ պահպանումը ենթադրում է հում և պատրաստի սննդի առանձին տեղադրում, պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում չպետք է պահվի երկու ժամից ավելի: Ոչ պակաս կարևոր է ջրի և հումքի անվտանգությունը: Միրգը, բանջարեղենն ու կանաչեղենը օգտագործելուց առաջ պետք է մանրակրկիտ լվացվեն հոսող ջրով: Եթե համոզված չեք խմելու ջրի անվտանգության մեջ, այն պարտադիր պետք է եռացնել», – նշված է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տեղեկատվության մեջ:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը բնակչությանը հիշեցնում է, որ վարակների կանխարգելման համար հիմնարար է անձնական հիգիենան — ձեռքերի հաճախակի, մանրակրկիտ լվացումը օճառով և ջրով, հատկապես սնունդ պատրաստելուց առաջ և ուտելուց առաջ: