Ալի Խամենեին Իրանի «թշնամիներին» է մեղադրել երկրում բողոքի ցույցերի կազմակերպման համար
Ալի Խամենեին Իրանի «թշնամիներին» է մեղադրել երկրում բողոքի ցույցերի կազմակերպման համար

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին «իսլամական հանրապետության թշնամիներին» է մեղադրել երկրում զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման համար, որոնք արդեն 6 օր շարունակ չեն դադարում մի շարք քաղաքներում:

Ինչպես գրում է Բի Բի Սին, վերջին տվյալների համաձայն՝ ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 21-ի:

Երկրում գրանցված գնաճից, հոգևոր իշխանություններից և արտաքին ծախսատար քաղաքականությունից դժգոհ իրանցիները փողոց են դուրս եկել՝ կազմակերպելով 2009 թվականից ի վեր երկրում տեղի ունեցած խոշորագույն ցույցերը:

Այն ժամանակ իրանցիները դժգոհ էին նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակից:

«Վերջին օրերին Իրանի թշնամիները տարատեսակ գործիքներ են օգտագործել, այդ թվում և գումար, զենք, քաղաքականություն և հետախուզությունը՝ իսլամական հանրապետությունում խնդիրներ ստեղծելու համար», – այսպես է երկրի հոգևոր առաջնորդը մեկնաբանել անցյալ շաբաթ բարձրացած բողոքի ալիքը:

Այաթոլլան չի մասնավորեցրել, թե ում նկատի ունի «թշնամիներ» ասելով: