Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարում է, որ Ուկրաինայի հակագրոհի ակնկալիքները չափազանց մեծ են
Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարում է, որ Ուկրաինայի հակագրոհի ակնկալիքները չափազանց մեծ են

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարում է, որ Ուկրաինայի հակահարվածի ակնկալիքները չափազանց մեծ են։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան «Washington Post» հրատարակությանը տված հարցազրույցում։

«Մարդկանց մեծամասնությունը ինչ-որ մեծ բանի է սպասում»,- ասել է Ռեզնիկովը՝ նշելով, որ այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, հիասթափված կլինեն։

Ռեզնիկովի խոսքով՝ արևմտյան գործընկերներն իրեն ասել են, որ «հաջողության ևս մեկ օրինակ է պետք», որը պետք է ցույց տան սեփական ընտրողներին։

«Բայց ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչպիսին կլինի այս հաջողության մասշտաբը՝ 10 կիլոմետր, 30 կիլոմետր, 50 կիլոմետր, 100 կիլոմետր, 200 կիլոմետր»,- ասում է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Ռեզնիկովի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի ոչ բոլոր ստորաբաժանումներն են պատրաստ հակահարձակման, քանի որ զինվորականների մի մասը պատրաստություն է անցնում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։

«The Washington Post»-ը գրում է, որ հարձակողական գործողությունը սովորաբար մեծ առավելություն է պահանջում, և քանի որ ռուսական ուժերը պաշտպանական դիրքում են գտնվում 1400 կիլոմետր երկարությամբ առաջնագծի ողջ երկայնքով, դժվար է ասել, թե Ուկրաինան ինչքանով կշարժվի։

Հրատարակության համաձայն՝ ուժերի մոբիլիզացիան, որի մանրամասները գաղտնի են մնում, ստիպում է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներին մտածել, թե ինչպիսի արդյունք կլինի բավական՝ տպավորելու Արևմուտքը, հատկապես Վաշինգտոնում։ Ոմանք մտավախություն ունեն, որ եթե Ուկրաինան ձախողվի, Կիևը կարող է մնալ առանց միջազգային ռազմական օգնության կամ հարկադրված լինել նստել Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ:

«Washington Post»-ի փոխանցմամբ՝ նման բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կներառեն Ռուսաստանի ինքնիշխան ուկրաինական տարածքների մի մասի փոխանցման պահանջը, որն Ուկրաինան անընդունելի է անվանել։